Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի ճակատագիրը հանկարծ սկսել է անհանգստացնել ռուս բնապահպաններին

Հայաստանի ճակատագիրը հանկարծ սկսել է անհանգստացնել ռուս բնապահպաններին
14.04.2015 | 00:04

Լրագրողների, հատկապես տնից հեռու աշխատողների համար չափազանց կարևոր է գիտակցել, որ իրենց հրապարակումները ոչ միայն հետաքրքիր նյութեր են, այլև ինչ-որ չափով օգնում են լուծելու օրախնդիր հարցերը։ ՈՒստի Հայաստանի հետ կապված որոշ իրադարձություններ ինձ համար առանձնահատուկ են դառնում։ Իհարկե, առանձնահատուկ դերի հավակնություն չունեմ, նկատեմ միայն, որ մեր թերթում տեղ գտած կանոնավոր հրապարակումներն այն կաթիլներն են եղել, որոնք նպաստել են նկատվող տեղաշարժին։ Եվ մեր էջերում շոշափվող, իմ կարծիքով, կարևորագույն և բախտորոշ թեմաներից են «Թերթաքարային հեղափոխությունն» ու «Մետաքսի մեծ ճանապարհը»։ Առաջին անգամ, դեռ 2010 թ. մարտին, մեր թերթը գրեց ԱՄՆ-ում էներգակիրների արդյունահանման նոր եղանակների մասին։ Ընդ որում, այն ժամանակ, երբ շատ լրատվամիջոցներ ծիծաղում էին դրա վրա, մենք գրում էինք ոչ միայն «թերթաքարային եռուզեռի» հեռանկարների և աշխարհի ճակատագրի հարցում նրա ունեցած դերի մասին, այլև վկայակոչում էինք Հայաստանում նման թերթաքարերի առկայության վերաբերյալ երկրաբանների հեղինակավոր կարծիքները։ Եվ ահա վերջերս հայկական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Սևանի ավազանում հայտնաբերվել են թերթաքարային նավթի խոշոր պաշարներ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել նախագծի առթիվ, և որ հայտնագործությունն արդեն հետաքրքրություն է առաջ բերել արտասահմանյան ներդրողների շրջանում։ Սակայն պարզվում է, որ այդ կապակցությամբ «բնապահպանական հասարակական կազմակերպություններն արդեն տագնապ են հնչեցնում»։ Ընդ որում, ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի ճակատագիրը հանկարծ սկսել է անհանգստացնել ռուս բնապահպաններին։ Եվ այդ առնվազն տարօրինակ ակտիվացման կապակցությամբ կցանկանայի հուսալ, որ Հայաստանի թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանությունները խելամիտ կգտնվեն և հերթական անգամ կուլ չեն տա մեր «սրտացավ ավագ եղբայրների» մատուցած խայծը և թույլ չեն տա խափանել երկրի համար անչափ շահավետ նախագծի իրագործումը։ Իսկ ինչ վերաբերում է «ռուսական բնապահպանական շարժման ակտիվիստների» նկարագրած և հայկական գործակալությունների կողմից տարածվող բնական աղետներին, ապա, բացի հին իմաստախոսության հիշատակումից՝ «Փնտրիր, թե ում է ձեռնտու», նկատենք, որ ԱՄՆ-ում, որը թերթաքարային գազի ու նավթի առաջատար արդյունահանողն է աշխարհում, արդեն մշակվել են արդյունահանման արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ եղանակներ (տեխնոլոգիաներ)։ Դրանք արդեն լայնորեն ներդրվում են, օրինակ, Չինաստանում, և այդ մասին մենք քանիցս ասել ենք։ Իսկ բնապահպանական կազմակերպությունները, որոնք վաղուց բարձրաձայնում են «թերթաքարային արհավիրքների» մասին, թեև, ինչպես պարզվում է, առատորեն ֆինանսավորվում են Ռուսաստանի կողմից, սակայն այդպես էլ չեն կարողացել կասեցնել աշխարհում «թերթաքարային հեղափոխության» ընդլայնումը (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, պաշտոնից հեռանալուց առաջ, հայտարարեց, որ ռուսական հատուկ ծառայությունները գաղտնի ֆինանսավորում են թերթաքարային գազի արդյունահանման դեմ ուղղված արշավները, որ անցկացնում են Եվրոպայի բնապահպանական կազմակերպությունները։ «The Washington Times» թերթը, իր հերթին, հաղորդել է, որ ռուսական շահագրգիռ անձինք տասնյակ միլիոնավոր դոլարներ են փոխանցել բնապահպանական խոշորագույն լոբբիստական կազմակերպությունների հաշիվներին, նպատակ ունենալով եվրոպական քաղգործիչներին ստիպել արգելելու կամ խիստ սահմանափակելու Եվրոպայում թերթաքարային նավթի ու գազի արդյունահանումը)։ Մնում է միայն հուսալ, որ armenianreport կայքում հրապարակված ռուս ակտիվիստ Պավել Սկվորցովի առաջարկությունը՝ «գալ Հայաստան աջակցելու իմ հայ գործընկերներին և անհրաժեշտության դեպքում հատուկ սեմինարներ անցկացնելու տեղի ակտիվիստների ու լրատվամիջոցների համար», ինչպես բոլոր այդպիսի գործողությունները, ումից էլ դրանք բխեն, ի վերջո, չեն կարող խանգարել մեր երկրի համար այդ կարևորագույն հայտնագործությանը։
Հարկ է նկատել նաև, որ Չինաստանից Եվրոպա ձգվող մայրուղին էլ, որը չինական իշխանությունների կողմից «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անվանումն է ստացել, իր հակառակորդներն ունի, ի դեմս հոռետեսների, առավել ևս, որ, չնայած Պեկինի հանգստացնող հավաստիացումներին, նախագիծը, փաստորեն, «Ճանապարհի» հիմնական մասից դուրս է թողնում որոշ երկրներ։ Այդուամենայնիվ, նրա դերը դժվար է գերագնահատել ոչ միայն հսկայական տնտեսական նշանակության, այլև այն երկրների ճակատագրի վրա նրա ազդեցության պատճառով, որոնցով այդ ճանապարհն անցնելու է։ Ընդ որում` ակնհայտ է, որ նախագծին Հայաստանի մասնակցության վերաբերյալ վերջերս ստորագրված պայմանավորվածությունները ոչ միայն կարևոր ճեղքում են, այլև կարող են այլընտրանք չունենալ զարգացման և անկախության պահպանման առումով։ Այնպես որ, կցանկանայի շարունակել խոսքս արդիականության այդ թեթև, ամենահավակնոտ նախագծի առաջընթացի մասին և ավելի մանրամասնորեն կանգ առնել նրա հերթական փուլերի վրա։
Արդեն ակնհայտորեն կարելի է ասել, որ «Գոտի-ճանապարհ» նախագիծն ավելի ու ավելի մեծ պաշտպանություն է գտնում աշխարհում, և հասկանալի է դառնում նրա գլոբալ նշանակությունը նոր աշխարհակարգի համար։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը վերջերս ֆրանսիական «Էկո» թերթում տպագրված հոդվածում նշել է, որ «Տնտեսական գոտու» կառուցումը ոչ միայն Չինաստանին տալիս է բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման շրջանակներ, այլև լցնում հասարակական, քաղաքական և տնտեսական ասպարեզներում Եվրոպայի և Արևելյան Ասիայի համագործակցության փուչ խոռոչները, իսկ ենթակառուցվածքի շինարարության բազմաթիվ նախագծերն օգուտ կբերեն Միջին Արևելքին և նույնիսկ Աֆրիկային։ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում իր հերթին նկատել է, որ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությունը կմիավորի հարակից երկրները և ընդհանուր օգուտ կբերի նրանց։ Եգիպտական կողմն ուրախ է, որ այդ նախաձեռնությունն ընդգրկում է նաև իրենց երկիրը»։ Ինչ վերաբերում է ՉԺՀ-ին, ապա այստեղ և՛ իշխանությունների մակարդակով, և՛ փորձագիտական մակարդակով կարծում են, որ «Մետաքսի ճանապարհը» (երբեմն դրա մասին ասում են՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ») տնտեսական գլոբալացման պայմաններում ստեղծում է ըստ հետաքրքրությունների (շահերի) նոր ընկերակցություն և միասնական ճակատագրով շաղկապված ընկերակցություն։
Եվ այսօրվա դրությամբ, իհարկե, առանձնապես կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների արձագանքը, որոնք գտնվում են շինարարության առաջին գծում։ Խիստ հատկանշական է, որ ՉԺՀ-ի իշխանական և կուսակցական կառույցների վերջերս կայացած ամենամյա նստաշրջանի ավարտից հետո, որտեղ ակտիվորեն քննարկվում էին «Մետաքսի ճանապարհի» հարցերը, «Սինհուա» գործակալությունը տարածել է Չինաստանում Տաջիկստանի դեսպան Ռաշիդ Ալիմովի հայտարարությունն այդ թեմայի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ հիմա Պեկինն իր ուշադրությունը բևեռել է հենց այդ երկրի վրա, որը մինչև վերջերս տարածաշրջանի մյուս երկրների համեմատ հետ էր մնում ՉԺՀ-ի հետ ինտեգրվածության աստիճանով։ Տաջիկստանի դեսպանը նշել է, որ չինական նախաձեռնություններն «այն գլոբալ փոփոխությունների զարգացման և խորացման հերթական փուլն են, որոնք ազդում են ոչ միայն չինական հասարակության փոխակերպման, այլև մեր ամբողջ մոլորակի զարգացման վրա»։ Այդ «գոտու» շինարարությունն Ալիմովն անվանել է «ենթակառուցվածքային ցանց» Կենտրոնական Ասիայի պետությունների շուրջ, և նրա խոսքերով ասած, այն առանցքային նշանակություն ունի դրանց զարգացման համար։ Դեսպանը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Տաջիկստանը Չինաստանի հետ ունի առանձնահատուկ ռազմավարական գործընկերության հարաբերություններ, և որ երկրում, տաջիկական կողմի հաշվարկներով, գործում է ավելի քան 400 չինական ընկերություն, բացի դրանից, «կան նաև այնպիսիք, որ գալիս, գնում, հետաքրքրվում են։ Եվ դա շատ կարևոր է մեզ համար»,- նշել է դեսպանը։ «Մենք ելնում ենք այն բանից, որ այդ նախաձեռնության իրագործումն արդեն սկսվել է»,- հայտարարել է նա և նշել այն փաստը, որ Չինաստանի արևելյան ափի մի քաղաքից արդեն առաջին գնացքն է մեկնել Ղազախստան, այնտեղից էլ Եվրոպա։ Իսկ դրա հետ կապված են «մարդկանց ճակատագրեր, աշխատատեղեր, առողջ ընտանիքներ, բարեկարգ տարածքներ»։ «Ահա թե ինչեր են կանգնած «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ձևավորման պարզ նախագծերի հետևում»,- ընդգծել է նա, ավելացնելով, որ «սրանք սոսկ բառեր չեն, հույզեր չեն, սրանք իրական մարդկանց կյանք են»։
Հարկ է նշել, որ Տաջիկստանի իշխանությունները հույս ունեն նախագծում առանցքային տեղերից մեկը զբաղեցնելու՝ որպես տարանցող պետություն։ Արդեն կա մի քանի խոշոր նախագիծ, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները և Թուրքմենստանից Չինաստան ձգվող գազամուղի տաջիկական հատվածը։ 410 կմ երկարությամբ այդ գազամուղը երկրում իրականացված ներդրումային ամենախոշոր նախագծերից մեկն է 3 մլրդ դոլար արժողությամբ։ Բացի այդ, երկու երկրների միջև կարևոր ու հեռանկարային նախագիծ է Տաջիկստանի հյուսիսում ստեղծվելիք «Տաջիկստան-Չինաստան» արդյունաբերական գոտին։ Այն կառուցվելու է համատեղ և նպատակ է ունենալու ստանալ կապար, ցինկ և պղինձ։ Ինչպես նշում են մասնագետները, վերջին հինգ տարում ՉԺՀ-ի հետ համագործակցության շնորհիվ Տաջիկստանում կապարի, ցինկի և պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է 20 անգամ։ Բացի այդ, Տաջիկստանը հարուստ է ոսկով, արծաթով և այլ հանքային պաշարներով։ Եվ, իհարկե, Տաջիկստանի նկարագիրը կփոխեն այն նախագծերը, որոնք իրականացվելու են չինական այնպիսի խոշոր ձեռնարկությունների հետ համագործակցությամբ, ինչպիսին «Ցզիցզինն» է, որը Չինաստանի երեք ամենախոշոր և աշխարհի 10 ամենախոշոր ոսկի արդյունահանող ընկերություններից մեկն է։ Եվ եթե հիմա Տաջիկստանը մեծ հաշվով դեռ ագրարային-արդյունաբերական երկիր է, ապա հեռանկարում, իշխանությունների ու փորձագետների համոզմամբ, դառնալու է արդյունաբերական-ագրարային երկիր։
«Մետաքսի ճանապարհի» շրջանակներում Տաջիկստանի թեմային անդրադառնում է նաև չինական «Ժենմին ժիբաո» պաշտոնաթերթը, նշելով, որ Կենտրոնական Ասիայում Չինաստանի նոր տնտեսական ռազմավարության մանրամասներին ծանոթ անձանցից է Տաջիկստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խուդոյբերդի Խոլիկնազարովը։ Ըստ նրա՝ կա «Նոր Միջին Արևելք» անվանումով ռուսական ծրագիր և «Նոր Մետաքսի ճանապարհ» անվանումով ամերիկյան ծրագիր, և խնդիրն այն է, թե այդ ծրագրերից որը կլինի հօգուտ Տաջիկստանի և երեք տերություններից ում պետք է նախապատվությունը տա Դուշանբեն։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ եռյակից միայն Չինաստանն է մինչև հիմա հավատարիմ մնացել իր խոստումներին, ասում է Խոլիկնազարովը։ «Դրա հետ մեկտեղ, երբ Շանհայում ստորագրվեցին Տաջիկստանին ցածր տոկոսներով պետական պարտք տրամադրելու համաձայնագրերը, սկսած 2007 թվականից նախագծերն սկսեցին իրագործվել։ Մինչև հիմա մեզ հաջողվել է Չինաստանից ստանալ մոտ 670 մլն դոլար պարտք»,- ասել է նա։ Ապա թերթն ամփոփում է, որ Կենտրոնական Ասիայի երկրներ Սի Ցզինպինի այցի ժամանակ նա արել է ռազմավարական առաջարկություն «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» համատեղ ստեղծման մասին, և Կենտրոնական Ասիայի երկրներն ընդունել են համագործակցության այդ առաջարկությունը։ Եվ հիմա Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը պատմական նոր ռեկորդ է սահմանում և անցնում է 46 մլրդ դոլարից։ Ընդ որում, չինական լրատվամիջոցներն ու փորձագետներն անընդմեջ հայտարարում են, թե միջազգային հասարակական կարծիքը, նկատի ունենալով «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհի» ծրագիրը, հաճախ դրանք հարաբերակցում է «Մարշալի պլանի չինական վարկածի» հետ։ Սակայն համաձայն նրանց հավաստիացումների, Մարշալի պլանից գլխավոր տարբերությունն այն է, որ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը ոչ մի դեպքում չի հանգեցնում Չինաստանի կողմից համապատասխան տարածաշրջանում ռազմական բլոկի ստեղծմանը, որ Մարշալի պլանը որոշակի ավանդ է մուծել Եվրոպայի վերականգնման գործում, սակայն հանգեցրել է «սառը պատերազմի»։ Չինաստանը, հանդես գալով նախաձեռնությամբ, չի ձգտում տարածաշրջանում առաջատարի դերի հավակնել և իր համար ազդեցության ոլորտ ստեղծել, չի միջամտում տարածաշրջանի երկրների ներքին գործերին, նրա հայեցակարգը չի հակասում տարածաշրջանային մյուս մեխանիզմներին ու նախաձեռնություններին։ «Գոտի և ճանապարհ» նախագիծը, ինչպես հայտարարում են չին փորձագետները, օժտված է գլոբալացման արդի դարաշրջանին համահունչ բարձր աստիճանի անկեղծությամբ, անկեղծություն ոչ միայն տարածաշրջանային և պետական մակարդակով, այլև համագործակցության և նախագծերի ոլորտների մակարդակով։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ